22 հոկտեմբերի 2010 - 12:59 AMT
Ագրարային համալսարանի շրջանավարտները կարող են լուրջ ավանդ ունենալ Հայաստանի զարգացման գործում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 22-ին մասնակցել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նա շնորհավորել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը և միջոցառմանը մասնակցող հյուրերին` Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել, որ Հայաստանի պետական ագրարային համալսարանում միավորված Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտները մշտապես եղել են մեր երկրի կարևորագույն ուսումնական հաստատությունների շարքում:

«Անկասկած, Հայաստանի զարգացման գործում անուրանալի է այս երկու ինստիտուտների շրջանավարտների ներդրումը: Մենք չէինք կարող ունենալ այսպիսի Հայաստան` առանց ձեր մասնակցության, առանց մնացած շրջանավարտների ու նաև դասախոսների մասնակցության: Փոխվում են ժամանակները, փոխվում են նաև պահանջները, և այսօր ձեր առջև նոր պահանջներ կան»,-ասել է նախագահը:

«Մաղթում եմ, որպեսզի դուք մշտապես պահանջված լինեք մեր երկրում: Մաղթում եմ, որպեսզի դուք ամենացանկալի հյուրը լինեք մեր գյուղական շրջաններում: Ձեր մասնագիտությունն այնպիսի է, որ հավասարապես և, միգուցե, ավելի շատ մասնավոր հատվածը, պետության հետ միասին շահագրգռված են, որպեսզի դուք ունենաք բարձր մասնագիտական որակ, որպեսզի կարողանաք լուծել առկա խնդիրները, միևնույն ժամանակ, կարողանաք ցույց տալ, որ այո՛, ազնիվ աշխատանքով, դասախոսելով, գյուղատնտեսությամբ զբաղվելով` կարելի է արժանապատիվ կյանք վարել, կարելի է լուծել բոլոր սոցիալական խնդիրները:», -ասել է Հանրապետության ղեկավարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը կրթության և գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչների պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Այսօր համալսարանի հանդիսավոր նիստի ժամանակ Հանրապետության ղեկավարը հանձնել է պետական պարգևները: