23 հոկտեմբերի 2010 - 12:11 AMT
Ղարաբաղում մեկնարկել է աշնանային զորակոչը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր` 2010 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

Հրամանագրի համաձայն` 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: