23 հոկտեմբերի 2010 - 19:04 AMT
«Ղարաբաղ Տելեկոմը» մինչև 2011 թվականի սկիզբը կավարտի օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի շինարարությունը

Հոկտեմբերի 23-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն առողջապահության ոլորտում ծրագրերի համատեղ իրականացման մասին համաձայնագիր ստորագրեցին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունից, համաձայնագրի շրջանակներում «Ղարաբաղ Տելեկոմը» 480 մլն դրամ կհատկացնի այդ թվում նաև Բերձորում (Քաշաթաղի շրջան) հիվանդանոցի կառուցման համար:

Ինչպես Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդեց Ռալֆ Յիրիկյանը, «Ղարաբաղ Տելեկոմը» մինչև 2011 թվականի սկիզբը կավարտի օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի շինարարությունը, ինչը պետք է անդրադառնա Ինտերնետ-սակագների վրա: Նա հաղորդեց նաև, որ օպերատորը բանակցություններ է վարում ԼՂՀ կարգավորիչի հետ բջջային կապի օպտիմալ սակագների վերաբերյալ: