«Երկար տարիներ Հայաստանում շաքար չէր արտադրվում, հիմա արտադրվեց: Մեր շաքարն ամենից լավը պետք է լինի: Իհարկե, կատարված աշխատանքը շատ տպավորիչ է, և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այս գործարանը մի քանի խնդիրներ է լուծելու. նախ` այս տարածաշրջանում ապահովելու է 1000 աշխատատեղ»,- Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Հիմա արդեն աշխատում է 700 հոգի: Իսկ 1000 կայուն աշխատատեղը` բարձր աշխատավարձով, շատ լուրջ խնդիրներ է լուծելու այս տարածաշրջանի համար, և որոշ ժամանակ հետո, իրոք, ազդեցությունն զգացվելու է: Երկրորդ` գործարանը այս համայնքների համար լոկոմոտիվի դեր է կատարելու, որովհետև այն ի վիճակի է վերամշակելու տեղում արտադրած ճակնդեղը: Հասկանում եմ, որ հիմա որոշակի խնդիրներ կան, վստահության պակաս կա. մարդիկ երևի չեն հավատում, որ գործարանն ի վիճակի է իրենց արտադրած բերքն ամբողջովին գնելու, կամ կասկածում են բերքատվության վրա: Ժամանակի ընթացքում այս խնդիրը, իհարկե, կկարգավորվի: Եւ երրորդ կարևորագույն խնդիրը, որ լուծում է այս գործարանը` մեր քաղաքականության կենսագործումն է, այսինքն` ներմուծման կրճատում և արտահանման ավելացում: Կարճ ժամանակ հետո, Հայաստան, կարծում եմ, ընդհանրապես շաքար չի ներմուծվելու, որովհետև Ախուրյանի գործարանի շաքարի որակը բավականաչափ բարձր է լինելու և ավելի էժան, քան արտերկրում արտադրված շաքարը: Իսկ արտահանման առաջին խմբաքանակն արդեն ուղարկված է և, ինչպես ինձ ասում է գործարանի սեփականատերը, հաջողությամբ իրացվում է այն երկրում, որտեղ արտահանել են շաքարը: Կան նաև այլ խնդիրներ, բայց կարծում եմ, որ այս երեք հիմնական խնդիրն է լուծում գործարանը և՛ երկրի համար, և՛ այս տարածաշրջանի համար»,- ասել է ՀՀ նախագահը:
Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք հայկական շաքարն ուժեղ մրցակցություն առաջացնել Վրաստանի շուկայում, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ գործարանը, արտադրելով որակյալ և մրցունակ գներով շաքար, ոչ միայն Վրաստանում, այլ նաև այլ երկրներում ունենալու է իր կայուն շուկան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: