25 հոկտեմբերի 2010 - 21:54 AMT
Ստեփան Սարգսյանի հուշամրցաշարում 4 քաշային կարգերում հաղթել են ազատ ոճի հայ ըմբիշները

Վանաձորում ավարտվել է ազատ ոճի միջազգային մրցաշարը` նվիրված օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Ստեփան Սարգսյանին: Մրցաշարին մասնակցում էին 7 երկրների ըմբիշներ, Հայաստանի հավաքականը մասնակցում էր 45 մարզիկներով:

4 քաշային կարգերում հաղթողները ներկայացնում էին Հայաստանը. Միհրան Ջաբուրյանը հաղթել է 55 ք/կ-ում, Դավիթ Սաֆարյանը` 66 ք/կ, Մուրտազ Մուսա-Ալիևը` 74 ք/կ, Հաջիմորադ Նորմահոմեդովը` 84 ք/կ:

Վերադառնալով մեծ սպորտ` Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մարտին Բերբերյանը զբաղեցրել է երկրորդ տեղը Ստեփան Սարգսյանի հուշամրցաշարում:

«Մենք խնդիրներ ունենք 120 քաշային կարգում, մրցաշարի ժամանակ մենք դիտարկել ենք մի քանի մարզիկների թեկնածություն, բայց նրանք չեն համապատասխանել մեր պահանջներին: Մենք շարունակում ենք փոխարինող փնտրել Ռուսլան Բասիևին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ազատ ոճի ըմբիշների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: