26 հոկտեմբերի 2010 - 15:57 AMT
BSTDB ղեկավարը չի բացառում բանկի մասնակցությունը Հայաստանի տարբեր ընկերությունների կապիտալին

«Նախագծային ու կորպորատիվ ֆինանսավորումից բացի մեզ հետաքրքրում է նաև մասնակցությունը տարբեր ձեռնարկությունների կապիտալին: Բանկի հնարավորությունները թույլ են տալիս դա անել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ ներդրումային հիմնադրամների միջոցով»,-ասել է Առևտրի ու զարգացման սևծովյան բանկի (BSTDB) նախագահ Անդրեյ Կոնդակովը հոկտեմբերի 26-ին Երևանում: Նա ասաց, որ բանակցություններ են ընթանում մի հիմնադրամի հետ, որն իրեն դրսևորել է Բալկաններում և քննարկում է Կովկասում գործունեություն ծավալելու հարցը: Կոնդակովն ասել է նաև, որ քանի դեռ համաձայնագրեր կնքված չեն, ընկերությունների ու հիմնադրամների անվանումները չեն հրապարակվի:

Բանկի նախագահն ասել է, որ բանկը մտադիր է վարկեր հատկացնել երեք հայկական բանկերի: Հայաստանում BSTDB-ն համագործակցում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկկ» ՓԲԸ-ի, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ու «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի հետ: Կոնդակովը չի բացառել, որ առաջիկայում կսկսի համագործակցել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի հետ: Հետաքրքիր նախագծեր կան նաև սննդարդյունաբերության ու անշարժ գույքի ոլորտում:

Իր հերթին ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն ասել է, որ BSTDB-ն հիմնականում խթանում է բաժանորդ երկրների զարգացումը, և պաշտպանում է փոքր բաժնետերերի շահերը՝ մեծ ֆինանսական միջոցներ տրամադրելով նրանց: Նա հստակեցրել է, որ Հայաստանի կառավարությունը տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականություն է վարում, որտեղ հիմնականում ֆինանսավորվում են արտահանմանը միտված ոլորտները և բանկի հետ աշխատանքում դա ևս իր արտացոլումը կգտնի: