27 հոկտեմբերի 2010 - 16:43 AMT
«ԱրմենՏել» ընկերությունը ընդլայնում է Hi Line ծառայության աշխարհագրությունը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին: Հոկտեմբերի վերջի դրությամբ ծառայությունից կարող են օգտվել Հայաստանի 38 քաղաքի բնակիչներ: Տարեսկզբից այն քաղաքների ցանկում, որտեղ հասանելի է Hi Line-ը ընդգրկվել են, մասնավորապես, Ագարակը, Ապարանը, Արթիկը, Բաղրամյանը, Վարդենիսը, Քաջարանը, Մարտունին, Նոր Հաճնն ու Մեծամորը:

«Վերջին ամիսներին «ԱրմենՏել» ընկերությունը ոչ միայն էապես ընդլայնել է Hi Line ծառայության աշխարհագրությունն, այլև ավելացրել է ցանցի հզորությունն այն քաղաքներում, որտեղ ծառայությունն արդեն հասանելի էր: Ներկայում ընկերությունը պատրաստ է միացնել ծառայությանը առնվազն 100 հազար նոր բաժանորդ: Ավելի քան մեկ տարի մենք իրականացնում ենք մայրաքաղաքում և մարզերում լայնաշերտ մատչման ծառայության մատուցման լայնածավալ ծրագրեր` խթանելով երկրում տեղեկատվական ցանցի հավասարաչափ զարգացումը», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-մատչում սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Hi Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: 2009թ-ի վերջի դրությամբ ծառայությունը հասանելի էր Հայաստանի 24 քաղաքում: Hi Line ծառայության միացման և սպասարկման հետ կապված հարցերով կարելի է զանգահարել 100 անվճար հեռախոսահամարով: