28 հոկտեմբերի 2010 - 12:29 AMT
Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը

«Ժառանգություն» խմբակցությունը ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունը հետաձգել է մինչև դեկտեմբերի 9-ը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, քվեարկությունը հետաձգվել է դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այս առիթով ՀՀ ԱԺ-ն քվեարկությունը տեղափոխելու մասին որոշման նախագիծ է առաջարկել, որը ճնշող մեծամասնության համաձայնությամբ ընդունվել է:

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով, եթե օրինագիծը քվեարկության դրվեր, ապա իշխող կոալիցիան դրան չէր մասնակցի: