28 հոկտեմբերի 2010 - 13:29 AMT
Վերլուծաբանների ու լրագրողների մեղքն այն է, որ նրանք գերագնահատում են ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը, գտնում է հայ քաղաքագետը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ոչինչ չեն կարող անել կողմերի փոխարեն: Նրանք դաշտ են տրամադրում բանակցությունների համար, սակայն եթե կողմերը չեն կարող պայմանավորվել, ապա միջնորդներն անզոր են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, վերլուծաբանների ու լրագրողների մեղքն այն է, որ նրանք գերագնահատում են ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը:

«Այսօրվա դրությամբ միջնորդների խնդիրն է պահպանել բանակցային գործընթացը: Եվ եթե այդ ձևաչափը չպահպանվի, ավելի վատ կլինի: Ինչ վերաբերում է գերիների փոխանակման և դիակների հանձնման մասին համաձայնությանը, ապա ես շատ եմ կասկածում, որ այն կիրագործվի»,-ասել է Իսկանդարյանը:

Միևնույն ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Մեթյու Բրայզան կհաստատվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, Իսկանդարյանը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո, նախագահ Օբաման կրկին կներկայացնի Բրայզայի թեկնածությունը և Սենատը կհաստատի նրան այդ պաշտոնում: