28 հոկտեմբերի 2010 - 18:24 AMT
Բոստոնում կցուցադրվեն ժամանակակից հայկական ֆիլմեր

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում մեկնարկում է 3-րդ ամենամյա Հայկական ֆիլմերի բոստոնյան փառատոնը: Այն կբացի հայազգի ֆրանսիացի ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Հանցագործների բանակ» ֆիլմը, որը 2009-ին ներկայացվել է Կաննի կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրում:

Փառատոնի ժամանակ ցուցադրվելու են Էդգար Բաղդասարյանի մի շարք մրցանակներ նվաճած «Արարատից Սիոն», Վաչե Բուլղուրջյանի «5-րդ սյունը», Նուրիտցա Մաթոսյանի «Երկու ազգերի սիրտը» , Ստեփան Ղազանչյանի «Ժամանակակից սերը», Էդդի Վիկենի «Աֆոն լեռը» ֆիլմերը:

«Մենք ցանկանում ենք ծանոթացնել կինոյի սիրահարներին նորագույն և փայլուն հայկական ֆիլմերի հետ, և Բոստոնի Ժամանակակից արրվեստի ինստիտուտը մեզ ընձեռել է այդ հնարավորությունը»,- bostonist.com-ին հաղորդել է Բոստոնի կինոփառատոնի նախագահ Փոլ Պողոսյանը: