29 հոկտեմբերի 2010 - 11:32 AMT
Ռուսաստանի նախագահը միանգամայն գիտակցաբար է ստանձնում այդ աշխատանքը, որը նրան ոչ մի դիվիդենտ չի խոստանում, գտնում է Կրեմլի ներկայացուցիչը

Մոսկվայում դրական են գնահատում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին Աստրախանում, և մտադիր է շարունակել աջակցությունը ղարաբաղյան կարգավորմանը: Ինչպես լրագրողներին է ասել Կրեմլի աղբյուրը, «մի փոքր ավելի զգուշավոր լավատեսության մասին հնչած խոսքերը, կարծես, հիմնավոր են»:

«Ռուսաստանի նախագահը միանգամայն գիտակցաբար է գնում այդ աշխատանքին, որը նրան ոչ մի դիվիդենտ չի խոստանում: Եվ այդ աշխատանքը կշարունակվի»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ «Նովստի» գործակալությունը:

Աղբյուրը խոստովանել է նաև, որ նման հանդիպումից մեծ արդյունքներ ակնկալելն «ուղղակի անիմաստ է ու անիրական»: «Հարցի գինը կայունությունն է Կովկասում, մերձավոր հարևաններ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների վերադարձը նորմալ համակարգի»,-ասել է նա: