29 հոկտեմբերի 2010 - 12:24 AMT
Ավստրիան ՆԱՏՕ-ի շրջանակներում խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում հայ զինվորականներին

Հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի դեսպան Միքայել Պոստլին և ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելներին: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց ՀՀ պաշտպանական քաղաքականությունը և անվտանգության միջավայրը: Ս.Օհանյանը կարևորեց ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում Ավստրիայի հետ իրականացվող ռազմական համագործակցությունը` նշելով, որ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափով ռազմաքաղաքական երկխոսությունը նպաստում է ռազմական մի շարք ուղղություններում, հատկապես խաղաղապահության մեջ ստանալ ավստրիացի մասնագետների խորհրդատվական աջակցությունը:

Հայաստանում Ավստրիայի դեսպան Մ.Պոստլինը, կարևորելով հայ-ավստրիական ռազմական համագործակցությունը և պաշտպանական հարցերի շուրջ բաց ու թափանցիկ քննարկումները, նշել է, որ Ավստրիան լիովին աջակցում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված Հայաստանի ջանքերին, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: