29 հոկտեմբերի 2010 - 14:15 AMT
Կիրո Մանոյանը խորհուրդ է տալիս ակնկալիքներ չունենալ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման հիմնական նպատակն էր մեղմացնել ղարաբաղյան գործընթացում ստեղծված իրավիճակը, որը սկսել էր շիկանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների և Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում վերջին միջադեպերի պատճառով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Միաժամանակ նա նշել է, որ ՌԴ նախագահ Մեդվեդևի նախաձեռնությունը հաջողվեց, «բայց թե որքանով, դա արդեն ցույց կտա ժամանակը»:

Մանոյանը նաև ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունում առկա իրավիճակը կտևի մինչև դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը: Այդ առումով նա նշել է, որ այդ գագաթնաժողովից պետք չէ ակնկալիքներ ունենալ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչի համար են նախագահները հանդիպում, եթե մոտ ժամանակները նրանք չեն հասնելու ինչ-որ պայմանավորվածությունների, Կիրո Մանոյանը նշել է, որ որքան շատ են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում, այնքան քչանում են Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում միջադեպերը: «Վերջապես, ավելի լավ է ուղղակի հանդիպել, քան ընդհանրապես չհանդիպել»,- ասել է Մանոյանը: