29 հոկտեմբերի 2010 - 16:42 AMT
Դոմինիկյան Հանրապետությունից հետո Հայաստանը կդառնա երկրորդ երկիրը, որտեղ կներդրվի ոսկու արդյունահանման «Ալբիոն» ինովացիոն տեխնոլոգիան

Հոկտեմբերի 29-ին GeoProMining Gold ընկերությունը ներկայացրեց Արարատի ոսկու արդյունահանման գործարանի վերակառուցման և «Ալբիոն» նոր ինովացիոն տեխնոլոգիայի ներդրմամբ նոր ֆաբրիկայի կառուցման նախագիծը: Ծրագիրը ներկայացրել են աշխարհի առաջատար լեռնահանքային արդյունաբերության ընկերությունների՝ օրինակ, Xstra Technology, Core resources, ինչպես նաև FRASER ALEXANDER և epoch, մասնագետները: Շնորհանդեսին ներկա էր նաև GeoProMining խմբի ղեկավարության պատվիրակությունը՝ խմբի նախագահ Ռոման Խուդոլիի գլխավորությամբ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռոման Խուդոլին, մինչև 2011թ. հունիսը պատրաստ կլինի «Ալբիոն» տեխնոլոգիայի տեխնիկատնտեսական հիմնավորումը և կավարտվեն բոլոր նախագծային աշխատանքները, որ կատարում են միջազգային մասնագետները: Հետո կսկսվի բուն ֆաբրիկայի շինարարությունը, որը կավարտվի 2013թ.: Ըստ նրա, ներդրումների ծավալն այդ նախագծում կարող է կազմել շուրջ 100 մլն դոլար: