30 հոկտեմբերի 2010 - 11:45 AMT
Հայաստանը ներկայացնող մոտոհրաձգային վաշտն արժանացել է ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն 2010» զորավարժության ղեկավարության գավաթին

ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող «Փոխգործակցություն 2010» օպերատիվ-մարտավարական զորավարժությանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 12-29-ը Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը:

Զորավարժության նպատակն էր սպառնալիքների առկայության և ռազմական գործողությունների ժամանակ արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության և համատեղ գործողությունների ներդաշնակման ապահովումը:

Զորավարժության արդյունքները գոհացուցիչ էին, և մասնակիցների համատեղ գործողությունները բարձր գնահատեցին զորավարժության ղեկավարներն ու մասնակից պետությունների ներկայացուցիչները:

«Փոխգործակցություն 2010» զորավարժության վճռական փուլի ավարտին հաջորդեց պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մարտական հրաձգության ընթացքում ցուցաբերած լավագույն արդյունքների համար Հայաստանը ներկայացնող մոտոհրաձգային վաշտն արժանացավ զորավարժության ղեկավարության գավաթին:

Ինչպես հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը, հոկտեմբերի 29-ին ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը վերադարձավ Հայաստան: Զորախմբին դիմավորեցին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և բարձրաստիճան զինվորականներ: