30 հոկտեմբերի 2010 - 14:26 AMT
Բորիս Գրեբենշչիկով. Ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ երբևէ ոչ միայն կհանդիպեմ Ջիվան Գասպարյանին, այլ նաև կհամագործակցեմ նրա հետ

«Ինձ համար շատ հաճելի է նույն բեմում լինել իմ ընկեր և գործընկեր Բորիս Գրեբենշչիկովի հետ»,- ասել է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Բորիս Գրեբենշչիկովի և «Ակվարիում» ռոք խմբի «Կարմիր գետ» համերգը, որի կազմակերպիչներն են «Շարմ հոլդինգը» և ՀՀ մշակույթի նախարարությունը, տեղի կունենա հոկտեմբերի 31-ին ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ինչպես հրավիրված մամլո ասուլիսում ասացին երաժիշտն ու համերգի կազմակերպիչները, այն նվիրված է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին:

Բորիս Գրեբենշչիկովը նախ նշեց, որ իր համար տոն է, քանի որ հերթական անգամ Երևանում է. «Սիրում եմ անակնկալներ, սակայն ամենամեծ անակնկալն այն է, որ այժմ Երևանում ենք: Ինձ համար մեծ ուրախություն է այստեղ լինելը»,- ասաց երաժիշտը և հավելեց, որ Երևանում առաջին անգամ եղել է դեռ 70-ականներին:

Համերգի կազմակերպիչները տեղեկացրին նաև, որ համերգի պատվավոր հյուրն է լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ով նշեց, որ իմպրովիզներ է անելու Գրեբենշչիկովի երգերի ժամանակ:

«Ես առաջին անգամ Ջիվան Գասպարյանի երաժշտությունը լսել եմ դեռ 70-ականներին և չէի էլ պատկերացնում, որ նրան երբևէ կհանդիպեմ, նույնսիկ` կհամագործակցեմ նրա հետ»,- ընդգծեց ռոք երաժիշտը և հավելեց, որ հայկական դուդուկը շատ գեղեցիկ է, միևնույն ժամանակ` շատ տխուր:

Նշենք նաև, որ «Կարմիր գետ» երևանյան համերգին մասնակցում են անվանի երաժիշտներ` Բրայան Ֆինեգանը (սրինգ, Իռլանդիա), Ալոկ Վերման (թաբլակ, Մեծ Բրիտանիա), Օլեգ Շարը (հարվածայիններ, Ռուսաստան) և այլք: