1 նոյեմբերի 2010 - 13:00 AMT
FOREX CLUB-ի վերլուծաբան. Հայաստանում ՀՆԱ աճն ընթացիկ տարվա վերջին կկազմի շուրջ 3.7 տոկոս

«Մեր լավատեսական կանխատեսումների համաձայն Հայաստանում ՀՆԱ աճն ընթացիկ տարեվերջին կկազմի շուրջ 3.7 տոկոս»,- նոյեմբերի 1-ին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին ասել է FOREX CLUB ընկերությունների խմբի վերլուծաբան Միքայել Վերդյանը: Նրա խոսքերով, տնտեսական աճի վրա հիմնականում ազդելու են արդեն 9 ամիսների ընթացքում արդյունաբերության ոլորտում արձանագրված 11 տոկոս աճը, տրանսպորտի և կապի ոլորտում` 18.7 տոկոսը, առևտրի ոլորտում` 8.6 տոկոս աճը:

Միաժամանակ ՀՆԱ աճը զսպող հիմնական գործոնները նա համարեց գնաճի բարձր տեմպերը, անկումը գյուղատնտեսության ոլորտում և Հայաստանի մեծ արտաքին պարտքը: Իր հերթին, FOREX CLUB-ի վերլուծության բաժնի պետ Անդրեյ Դիրգինն ասել է, որ ՄԱԿ-ի մարդկային զարգացման ինդեքսին համապատասխան Հայաստանը դեռ զբաղեցնում է առաջատար դիրքեր Անդրկովկասում: «Նման գնահատականի հիմնական գործոնը բժշկական և կրթական ծառայությունների հասանելիությունն է: Բայց հիմա շատ ակտիվ և դինամիկ զարգանում է Վրաստանի տնտեսությունն ուղղակի արտասահմանյան ներդրումների, տարանցիկ վճարումների, ինչպես նաև Բաքու-Ջեյհան խողովակաշարի հաշվին»,- ասել է նա և հավելել, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է ազդել Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավման վրա: