2 նոյեմբերի 2010 - 16:18 AMT
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բարձրացնում է Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը

Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում նախագծային 27 հորերից այսօր շահագործվում է 18 բնական գազի հոր: Չնայած ֆինանսական սահմանափակ միջոցներին, ինչը պայմանավորված է ֆինասական ճգնաժամի հետևանքներով, Ընկերությունը շարունակում է Աբովյանի ԳՍՊԿ-ի վերակառուցման և արդիակնացման ծրագիրը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Ընկերությունը շահագործման է նախապատրաստել ևս մեկ ստորգետնյա հոր: Սեփական ուժերով կառուցված առաջին հորը ամենատարողունակն է բոլոր շահագործվող հորերի շարքում: Իր ծավալով այն 1,6 անգամ գերազանցում է առկա հորերից ամենախոշորին: Նման հորերի կառուցումը չափազանց ծախսատար և տեխնոլոգիական բարդ գործընթաց է, որը պահանջում է 3,5-4 տարի:

Նոր ստորգետնյա հորը լրացուցիչ շուրջ 20 մլն. խ. մ. բնական գազ պահեստավորելու հնարավորություն է տալիս, այսպիսով, պահեստավորվող գազի ընդհանուր ծավալը հասցնելով 138-140 մլն. խ. մ-ի:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Ռոլանդ Ադոնցի խոսքով, նոր հորի կառուցումը սկսվել է 2006 թվականին և այս տարի այն արդեն պատրաստ է շահագործման: «1986 թվականից մինչև այժմ մենք ոչ մի հոր չէինք կառուցել: Եվ սա տարիներ անց կառուցված առաջին հորն է, որը նաև ամենամեծն ու տարողունակն է ` 150 հազար խորանարդ մետր ֆիզիկական ծավալով: Այդ հորում կտեղավորվի 120 մթնոլորտ ճնշման տակ 19-20 միլիոն խորանարդ մետր գազ» ,-նշել է նա:

Իրադարձությունների բարենպաստ զարգացման պարագայում «ՀայՌուսգազարդ»-ը մինչև 2013 թվականի ավարտը հնարավորություն կունենա պահեստավորել 170-180 մլն. խ. մ. բնական գազ, ինչը էականորեն կբարձրացնի երկրի սպառողներին գազի մատակարարման հուսալիության աստիճանը, ինչպես նաև հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը: