3 նոյեմբերի 2010 - 18:03 AMT
Հովիկ Աբրահամյան. Հայաստանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների միջեւ հարաբերությունները տարբեր ուղղություններով կայուն առաջընթաց են ապրում

Նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Արաբական Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր խորին ցավակցությունը հայտնեց ԱՄԷ Ռաս ալ-Խայմայի կառավարիչ Շեյխ ալ Քասիմիի մահվան կապակցությամբ:

ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նախարարի այցը Հայաստան կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Նա բարձր գնահատեց քաղաքական եւ տնտեսական փոխգործակցության ներկա մակարդակը` գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների միջեւ հարաբերությունները տարբեր ուղղություններով կայուն առաջընթաց են ապրում. կարևորվեց գյուղատնտեսության, զբոսաշրջության, դեղագործության, կրթության, գիտության և այլ բնագավառներում գործակցության ակտիվացումը: Պարոն Աբրահամյանը ընդգծեց նաեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացման կարեւորությունը երկու երկրների միջեւ հարաբերությունները խորացնելու առումով: ԱԺ նախագահը կարեւորեց հայ-էմիրաթական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ Երեւանում գործարար համաժողովի անցկացումը, որը լուրջ խթան կհանդիսանա առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ներդրումային դաշտի ընդլայնման համար:

Տիկին Շեյխա Լուբնա ալ Քասիմին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կարեւորեց Հայաստան-ՄԱԷ փոխգործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալների ավելացումը: Նա գոհունակությամբ փաստեց, որ վերջին երկու տարիների ընթացքում աննախադեպ ակտիվացել է երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում եւ համոզմունք հայտնեց, որ առաջիկայում գործակցությունը առավել կզարգանա: Նա ուրախությամբ շեշտեց, որ երկու երկրների հարաբերություններում սկսվել է պայմանավորվածությունների իրականացման եւ կոնկրետ ծրագրեր կյանքի կոչելու կարեւոր փուլ, հայտնում է խորհրդարանի մամլո ծառայությունը: