4 նոյեմբերի 2010 - 18:45 AMT
Հայկական կողմը հասավ նրան, որ ղարաբաղյան հակամարտության մասին բանաձևը հանվեց ՆԱՏՕ ԽՎ օրակարգից

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձևը հանվեց ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) օրակարգից : Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեց ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Ավագյանը: Ինչպես նա նշեց, այն բանից հետո, երբ բանաձևի նախագիծը ներառվեց Վեհաժողովի նստաշրջանի օրակարգում, հայկական կողմը հանդես եկավ համապատասխան առաջարկներով, որոնք պարզություն մտցրեցին գործի էության մեջ:

Ինչպես հայտնեց պատվիրակության ղեկավարը, պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է ՆԱՏՕ ԽՎ-ում այդ հարցի դիտարկման անթույլատրելիության մասին, քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մասնավորապես, հուլիսի վերջին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նամակ էր հղել ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին` ՆԱՏՕ ԽՎ-ին կոչ անելով ձեռնպահ մնալ Վեհաժողովում ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումից: