Հայաստանում գտնվող ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմին և նրա գլխավորած պատվիրակությունը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ այսօր այցելեցին Տավուշի մարզ:
Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, հյուրերը եղան Հաղարծինի վանական համալիրում, որը վերկառուցվում է Շարժայի Էմիրության կառավարիչ, ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի կողմից հանգանակված միջոցներով: Հյուրերին ներկայացվեցին կատարված աշխատանքների ընթացքը, վանական համալիրի հիմնանորոգման ծրագիրը: Արդեն ավարտվել են դեպի համալիր տանող ճանապարհի, ենթակառուցվածքների վերակառուցման աշխատանքները, ավարտին են մոտենում վանական համալիրի նորոգումը, քահանայատան կառուցումը: Ներկայումս կատարվում են եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Բացի դրանից, Դիլիջանում հյուրերին ներկայացվեցին «Դիլիջան. ֆինանսական կենտրոն» ծրագիրը, քաղաքի զբոսաշրջային զարգացմանն ուղղված այլ նախագծեր:
Արաբական պատվիրակությանը ներկայացվեցին նաև մարզի առևտրատնտեսկան ներուժը, հնարավոր համագործակցության ուղղությունները: Քննարկվեցին ՀՀ մարզերում տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները: