5 նոյեմբերի 2010 - 20:21 AMT
Այս տարի նախորդ տարվա համեմատությամբ աննախադեպ զարգացումներ են գրանցվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում

Նոյեմբերի 4-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպեց Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատի նախագահ Լորեն Մոզարի հետ:Նշելով, որ նախորդ տարվա համեմատությամբ աննախադեպ զարգացումներ են գրանցվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում` դեսպանը կարևորեց հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների խորացումը ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ միջխորհրդարանական ձևաչափերով, ինչին կնպաստի Լյուքսեմբուրգի տնտեսական ոլորտը ներկայացնող և Միջխորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունների այցերի կազմակերպումը Հայաստան:

Ավետ Ադոնցը կարևորեց նաև 2009թ. ստորագրված և Հայաստանի կողմից արդեն վավերացված «Մշակութային և գիտական համագործակցության մասին» երկկողմ պայմանագրի վավերացումը Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից:

Լորեն Մոզարի խնդրանքովԱվետ Ադոնցը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային, ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Երկուստեք մտքեր փոխանակվեցին նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված խնդիրների շուրջ: