6 նոյեմբերի 2010 - 13:22 AMT
Վահե Սարգսյան. «Ռուս» լրտեսների ձերբակալությամբ Վրաստանը ցանկանում է աշխարհի ուշադրությունը հրավիրել իր խնդիրների վրա

Վրաստանին կարելի է մեղադրել ջավախահայության խնդիրների կամ հայկական պատմական հուշարձանների յուրացման համար, սակայն աջարահայերի ձերբակալությունները ազգային բնույթ չեն կրում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը՝ մեկնաբանելով երկու աջարահայ գործարարներ Արմեն Գևորգյանի ու Ռուբեն Շիկոյանի ձերբակալությունը՝ ՌԴ օգտին լրտեսության մեղադրանքով: Ըստ նրա, ձերբակալությունները տեղի են ունեցել Վրաստանի հակառուսական տրամադրությունների շրջանակներում: Հայ փորձագետը նշեց, որ Վրաստանին դուր է գալիս, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է իր վրա: «Պատահակն չէ, որ ձերբակալությունները տեղի ունեցան ԵԱՀԿ-ի ու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների շեմին՝ Վրաստանը ցանկանում է միջազգային հանրությանը տրամադրել Ռուսաստանի դեմ»,-ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ Վրաստանը ցանկանում է աշխարհի ուշադրությունը հրավիրել իր խնդիրներին և արդարացնելու համար իր հակառուսական քաղաքականությունը: Ընդ որում Սարգսյանը նշել է, որ երկու ձերբակալված հայերը Ռուսաստանի քաղաքացիներ են, ինչը իրավական առումով թույլ չի տա Հայաստանին միջամտել այդ հարցին: Ըստ նրա, այդ հարցի հնարավոր լուծումը կարող է լինել այն, որ ձերբակալված քաղաքացիները միջազգային կազմակերպությունների աջակցությամբ փոխանցվեն ՌԴ իշխանություններին: