9 նոյեմբերի 2010 - 16:31 AMT
Սերժ Սարգսյանը կարևորել է ՀՀ և ՌԴ տարածաշրջանների միջև փոխգործակցության զարգացումը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը: Նախագահն ընդգծել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների բարձր մակարդակը և գոհունակությամբ նշել, որ նախագահ Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի են կոչվում: Հանրապետության ղեկավարը խոսել է, հատկապես, տարածաշրջանների միջև ուղղակի կապերի հաստատման և համագործակցության ընդլյանման մասին, որի օրինակներից մեկն էլ Ռոստովի մարզի նահանգապետի այցն է մեր երկիր:

Նախագահ Սարգսյանի խոսքով` Ռուսաստանի մարզերն իրենց տնտեսական հնարավորություններով և տարբեր ոլորտներում համագործակցության ներուժով Հայաստանի մարզերի համար հուսալի և լավ գործընկեր կարող են լինել: Հանրապետության ղեկավարը տարածաշրջանների միջև փոխգործակցության զարգացման գործում կարևորել է նաև ՌԴ մարզերում բնակվող մեծաթիվ հայերի դերը:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը գործնական և արդյունավետ է համարել Հայաստանում իր ունեցած հանդիպումներն ու քննարկումները` նշելով, որ տարբեր ոլորտներում արդեն ձեռք են բերվել համագործակցության որոշակի պայմանավորվածություններ: Վասիլի Գոլուբևի համոզմամբ, Հայաստանի և Ռոստովի մարզի միջև գյուղատնտեսության, արդյունաբերության, գիտության, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությունը հեռանկարային է: ՌԴ նահանգապետը կարևորել է Հայաստանում Ռոստովի մարզի օրերի անցկացումը, որի շրջանակներում կներկայացվի իր ղեկավարած մարզի հնարավորություններն ու համագործակցության ամբողջ ներուժը: