9 նոյեմբերի 2010 - 19:38 AMT
ՀԱԿ-ը կանի ամեն ինչ, որպեսզի հասնի ընդդիմության ներկայացուցիչների ազատ արձակմանը

Եվրոպայի Խորհուրդը հստակ խնդիր է դրել Հայաստանի ղեկավարության առջև` ազատ արձակել ընդդիմության` բանտարկության մեջ գտնվող ներկայացուցիչներին: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում ընթացող ցույցի ժամանակ, հայտնել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ-ը տեղեկատվություն ունի այն մասին, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են ազատ արձակել ընդդիմադիր բոլոր բանտարկյալներին, բացի Սասուն Միքայելյանից և Նիկոլ Փաշինյանից:

Ինչպես նշել է ՀԱԿ համակարգողը, դրանով ՀՀ իշխանությունները ցանկանում են խուսափել եվրոպական կառույցների «պատժից»: «Սակայն ՀԱԿ-ը կանի ամեն ինչ, որպեսզի հասնի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը»,- ասել է Զուրաբյանը:

Արամ Մանուկյանն իր հերթին Հայաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ՀԱԿ 4 կողմնակիցների, որոնք այսօր Շ.Ազնավուրի հրապարակից բերման են ենթարկվել: