10 նոյեմբերի 2010 - 15:55 AMT
Հարկային ու մաքսային վարչարարությունը խոչընդոտում է Հայաստանի տնտեսության զարգացմանը

Հայաստանի 2011թ. բյուջեն կառավարության հնարավորությունների բյուջե է, այն ուղղված է այդ գործառույթների կատարմանը, գտնում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Ըստ նրա, բյուջեն կազմում է 1 տրլն դրամ, իսկ այդ գումարը, բնականաբար, բավարար չէ առկա խնդիրները լուծելու համար:

Իր հերթին Հայաստանի ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը իր տեսակետն է հայտնել՝ նշելով, որ 2011թ. պետբյուջեն չի տարբերվում հաշվապահական այլ փաստաթղթերից, քանի որ այնտեղ ևս նշված են զարգացման նպատակային ուղիները:

Գուգեն Արսենյանը նշել է, որ Հարկային ու մաքսային վարչարարությունը խոչընդոտում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, քանի որ «այդ կառույցները պետք է կատարեն իրենց առջև դրված պլանը»: Ըստ նրա, հարկային բեռը, որպես կանոն, ծանրանում է փոքր ու միջին բիզնեսի վրա, որը գործում է չպաշտպանված դաշտում:

Վարդան Բոստանջյանը համակարծիք էր իր ընդդիմախոսի հետ այն հարցում, որ այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներն արդյունք չեն տալիս, իսկ ՓՄՁ-ները գտնվում են անբարենպաստ վիճակում: