11 նոյեմբերի 2010 - 12:46 AMT
Հայաստանի գիտահետազոտական հիմնարկներում փորձարարական նպատակով կաճեցվի բարձրորակ սիրիական ցորեն

Նոյեմբերի 10-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի գյուղատնտեսության նախարար դոկտոր Ադել Սաֆարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները:

Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ գյուղատնտեսության եւ անասնաբուժության, անասնաբուժական պատվաստուկների արտադրության ոլորտներում առկա ներուժին ու հնարավորություններին եւ կարեւորել դրանց զարգացումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Կողմերը քննարկել են նաեւ 2010թ. Դամասկոսում ստորագրված Գործնական ծրագրի դրույթների իրականացման հնարավորություններն ու համագործակցության զարգացման ուղիները: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել սիրիական ցորենի բարձրորակ տեսակների` փորձարարական նպատակով Հայաստանի գիտահետազոտական հիմնարկներում աճեցման վերաբերյալ:

Դոկտոր Ադել Սաֆարն ընդգծել է, որ հրավերի դեպքում կայցելի Հայաստան համագործակցության զարգացման հեռանկարները տեղում ուսումնասիրելու համար: