11 նոյեմբերի 2010 - 17:59 AMT
Հայաստանը Եվրոպական ռեգիոնների ասամբլեայում կներկայացնեն Լոռու եւ Տավուշի մարզերը

Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի (AER)` այսօր Ստամբուլում կայացած տարեկան համաժողովում, որին մասնակցում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, որոշում ընդունվեց կազմակերպությանը Հայաստանի անդամակցության մասին: Հայաստանն ասամբլեայում կներկայացնեն ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերը:

Եվրոպական ռեգիոնների ասամբլեան միավորում է 33 երկրի 270 ռեգիոն ու 16 միջազգային կազմակերպություն եւ համագործակցության, փորձի փոխանակման հնարավորություն է ստեղծում եվրոպական երկրների ռեգիոնների միջեւ: Կազմակերպությունը սերտորեն գործակցում է Եվրախորհրդի եւ Եվրամիության կառույցների հետ:

Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի նախագահ Միշել Սաբանի հետ հանդիպմանը փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ասամբլեային Հայաստանի անդամակցության գործընթացի կազմակերպման համար: Կողմերը վստահություն հայտնեցին, որ անդամակցությամբ հետագա ավելի լայն փոխգործակցության սկիզբ է դրվում:

Եվրամիության տարածաշրջանային քաղաքականության հանձնաժողովի գլխավոր տնօրեն Դիրկ Ահների հետ հանդիպմանը նշվեց, որ Արեւելյան գործընկերության մեկնարկով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները տեղափոխվել են որակական նոր փուլ: Կողմերն անդրադարձան նաեւ տարածքների զարգացվածության գնահատման ԵՄ երկրների մեթոդաբանությանը:

Քննարկվեցին այն ուսումնասիրելու եւ Հայաստանում կիրառելու հնարավորությունները: Ձեռք բերվեց գործնական պայմանավորվածություն` այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Երկուստեք ընդգծվեց նաեւ Հայաստանի եւ ԵՄ երկրների ռեգիոնների միջեւ գործակցության հաստատման եւ խորացման, փոխշահավետ ծրագրերի իրականացման կարեւորությունը: