12 նոյեմբերի 2010 - 13:54 AMT
Բնապահպանները միանշանակ դեմ են Հայաստանում ուրանի հանքավայրի հետազոտման ու շահագործման աշխատանքներին

Հայաստանում ուրանի հանքավայրի ուսումնաիրման ու շահագործման աշխատանքներում «ոսկե միջին» լինել չի կարող, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հանուն մարդկության կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: «Նույնիսկ ուրանի հանքավայրի ռացիոնալ շահագործումը փոքր տարածքով սեյսմավտանգ երկրում անթույլատրելի է, առավել ևս, որ ըստ միջազգային կազմակերպությունների հետազոտությունների սեյսմիկ վտնագը տարածաշրջանում աճելու միտում ունի»,-ասել է նա:

Նոյեմբերի 11-ին Սյունիքի Լեռնաձոր համայնքում տեղի ունեցավ խաղաղ արտոնված հանրահավաք՝ ուրանի հանքավայրի հետազոտման ու շահագործման դեմ:

Կարինե Դանիելյանը նշել է, որ աշխարհում չկա մի տեխնիկա, որը թույլ կտա առանց հետևանքների շահագործել ուրանի հանքավայրը: «Նույնիսկ տնտեսական տեսակետից դա արդարացված չէ, քանի որ վնասակար թափոնները թույլ չեն տալիս զարգացնել գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը»,-ասել է նա:

Մեկնաբանելով իշխանությունների այն հայտարարությունները, թե այդ տարածքում դեռևս հետազոտական աշխատանքներ են տարվում, իսկ ուրանի արդյունահանման մասին խոսելը դեռ վաղաժամ է, նա նշել է, որ ծախսվող գումարները պետք է ծածկվեն հենց արդյունահանման հաշվին: