12 նոյեմբերի 2010 - 16:00 AMT
Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը ցանկանում են «անուն ձեռք բերել» հայկական գինու վրա

Գինու համաշխարհային շուկան գտնվում է հերթական խմորումների շեմին, մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Վերջին բացահայտումներն արվել են շուրջ 40 տարի առաջ, երբ աշխարհը հոգնել էր արդեն ավանդական ֆրանսիական, իտալական, իսպանական գինիներից, և բացահայտեց իր համար Չիլիիի, Նոր Զելանդիայի, ՀԱՀ, Ավստրալիայի գինիները: Այդ երկրներում արտադրվում էին նույն հայտնի գինիները, սակայն ավելի էժան աշխատուժ կար, ուստի նրանք լուրջ մրցակից դարձավ Հին աշխարհին: Այժմ այդ գինիները զբաղեցնում են գինու համաշխարհային շուկայի 15-20 տոկոսը»,-ասել է նա:

Միության ղեկավարը գտնում է, որ ներկա խմորումներն ուղղված են էնդեմիկ տեսակների, խաղողի և գինեգործության բնօրրան հանդիսացող տարածքների բացահայտմանը: «Այս իրավիճակում, մենք շահավետ դիրքում ենք հայտնվում, քանի որ խաղողը սկիզբ է առել հենց Հայկական լեռնաշխարհում և այստեղ է խաղողից առաջին անգամ գինի պատրաստվել: Սակայն այդ ուղղությամբ ցանկանում են անուն ձեռք բերել մեր հարևանները՝ Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը, որոնք ժխտում են հայկական գործոնը: Թշնամական այս շրջապատում Հայաստանը ստիպված է լինելու ոչ միայն պահպանել այն, ինչն իրոք մերն է, այլ նաև ցույց տալ դա աշխարհին»,-ասել է նա: