Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն շարունակվող հակամարտությունները, ներառյալ Կովկասում տիրող իրավիճակը: Այդ մասին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն: «ԵԱՀԿ երկրների ղեկավարները կքննարկեն անվտանգության, շարունակվող հակամարտությունների և այլ սուր հարցեր, որոնք տարաձայնություններ են առաջացնում»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները կհաստատեն կազմակերպության հիմնարար Հելսինկյան սկզբունքները: «Չնայած նրան, որ շատ խնդիրներ դեռ լուծված չեն, կարևոր է վերահաստատել փաստաթուղթը»,-ասել է նա: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ բանավեճի շրջանակներում կվերահաստատվի ԶԼՄ-ների ազատության կարևորությոնը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ առաջիկա գագաթնաժողովը առաջինը կլինի 11 տարում, որը կանցնի Միջին Ասիայում: Բրիշամբոն հավելել է, որ հանդիպումը կանցնի Ղրղզստանի անմիջական հարևանությամբ, որտեղ այս տարի շատ բուռն իրադարձություններ տեղի ունեցան: Ընդ որում Բրիշամբոն նշել է, որ այդ փաստը լրացուցիչ առիթ կհանդիսանա ցույց տալու ԵԱՀԿ-ին, թե ինչպես է նա մտադիր արձագանքել նոր մարտահրավերներին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: