15 նոյեմբերի 2010 - 18:13 AMT
2011թ. ԱՄՆ-ն 20-22 մլն դոլար կհատկացնի Հայաստանում ձեռնարկությունների զարգացման ու մրցունակ միջավայրի բարելավման համար

Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան կշարունակի նախագծեր իրականացնել Հայաստանում մինչև 2011թ. սեպտեմբերը, Երևանում լրագրողներին է ասել ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի երկրներին օգնության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը՝ պատասխանելով Հայաստանում ծրագերի կասեցման մասին լրագորղի հարցին: «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում մենք քննարկեցինք այս ծրագիրը գյուղատնտեսության և ջրօգտագործման ոլորտներում պահպանելու հարցը»,-ասել է նա՝ հավելելով, որ ոչ բոլոր ծրագրերն են իրականացվում, սակայն ՀՀ կառավարությունը որոնում է ֆինանսավորման այլ աղբյուրներ, մասնավորապես, ճանապարհաշինության ոլորտում:

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտնել է, որ այդ աշխատանքների մեծ մասն իրականացվում է ՀԲ աջակցությամբ: Բացի այդ, ըստ նախարարի, «Մրցունակ մասնավոր հատվածը Հայաստանում» ծրագրի ավարտից հետո Հայաստանում կսկսվի իրագործվել ԱՄՆ միջազգային համագործակցության գործակալության (USAID) ձեռնարկությունների զարգացման ու մրցունակ միջավայրի բարելավման ծրագիրը:

Ընդհանուր առմամբ 2011թ. ԱՄՆ-ն 44 մլն դոլար կհատկացնի Հայաստանին: Ըստ Երիցյանի, այդ գումարից շուրջ 20-22 մլն դոլարը կուղղվի ձեռնարկությունների զարգացման ու մրցունակ միջավայրի բարելավմանը, 8 մլն դոլարը սոցիալական ոլորտի բարեփոխումներին, հատկապես առողջապահության ոլորտում: