16 նոյեմբերի 2010 - 13:26 AMT
Ղազախստանը ցանկանում է, որ բոլոր սառեցված հակամարտությունները ԱՊՀ տարածքում անցյալում մնան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկվելու է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում, քանի որ բոլոր այս տարիներին մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի քաղաքական հարցերի խորհրդական Երմուհամեդ Երտիսբաևը: Նա հիշեցրեց, որ դեռ 1990-ականներին Ղազախստանի ու ՌԴ նախագահները փորձել են լուծել այդ խնդիրը, սակայն հակամարտության արմատները շատ խորն են: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ՌԴ, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների վերջին հանդիպման հետ ղարաբաղյան կարգավորման գործընթացում ինչ-որ դրական տեղաշարժ է լինելու: Ամեն դեպքում ես հուսով եմ, որ դա այդպես է, քանի որ մենք մոտ և սերտ հարաբերություններ ունենք և Բաքվի, և Երևանի հետ և մեզ շատ է մտահոգում սառեցված «թեժ կետերի» առկայությունը: Կցանկանայի, որ բոլոր սառեցված հակամարտությունները ԱՊՀ տարածքում անցյալում մնան, քանի որ 21-րդ դարում հարևանների համար անարդյունավետ է ապրել հնացած կատեգորիաներով և Ռուսաստանն այդ իմաստով կարող է առաջնային դեր ունենալ»,-ասել է Երտիսբաևը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: