16 նոյեմբերի 2010 - 13:34 AMT
Խաղաղության իսկական երաշխիքը ոչ թե կինոփառատոների անցկացումն է, այլ հայկական բանակի ամրապնդումը

«Հայաստանում ադրբեջանական ֆիլմեր անցկացնելու գաղափարը նախօրոք դատապարտված էր ձախողման, քանի որ դա ընդամենը փող աշխատելու միջոց է, իսկ այնտեղ, որտեղ բիզնեսն է, չի կարող լինել ոչ մի գաղափարախոսություն: Ես չեմ ցանկանում, որպեսզի մեր զգացմունքներում իշխի բիզնեսը»,- նոյեմբերի 16-ին մամլո ասուլիսում հայտարարել է բլոգեր Տիգրան Քոչարյանը:

Նրա խոսքերով, ըստ էության այս գաղափարը չափազանց արհեստական է: «Այսօր ադրբեջանցիները սպանում են մեր հայրենակիցներին, իսկ մենք խոսում ենք հանդուրժողականության մասին: Խաղաղության իսկական երաշխիքը ոչ թե կինոփառատոների անցկացումն է, այլ հայկական բանակի ամրապնդումը»,- ասել է նա:

Իր հերթին, Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը նշել է, որ «այդ միջոցառումն անցկացնելու մեջ ոչ մի վատ բան չի տեսնում»: «Ինձ հետաքրքրիր էր իմանալ, թե որքանով է զարգացած կինեմատոգրաֆիան Ադրբեջանում»,- ասել է նա:

Դադասյանի խոսքերով, այդ իրադարձությունը քաղաքականացնել պետք չէ: «Մեզ մոտ`որպես հաղթող պետության, չպետք է բարդույթ լինի նման հարցերի առիթով: Մեր դիրքորոշումը պետք է ավելի արժանապատիվ լինի»,- ասել է նա: