16 նոյեմբերի 2010 - 15:29 AMT
2011 թվականի գարնանը ԱՊՀ երկրները կհաստատեն «ԱՊՀ ինովացիոն համագործակցության միջպետական ծրագիրը»

«ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի» նախապատրաստումը մոտենում է ավարտական փուլին: Ինչպես գրում է ռուսական «Կոմերսանտը», ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ծրագիրը նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը, փաստաթուղթը հավանաբար կհաստատվի 2011թ. գարնանը: Ինչպես հայտնել է «Ռուսհամագործակցության» ղեկավար Ֆարիդ Մուհամեդշինը, ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 100-180 մլրդ դոլար, ազգային բյուջեների ներդրումը կլինի 5-10 տոկոսի սահմաններում:

300 էջից կազմված փաստաթղթի վրա 2010թ. մայիսից աշխատում է ԱՊՀ գծով դաշնային գործակալությունը՝ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի մասնակցությամբ: Ծրագրի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել ԱՊՀ տնտեսությունների մրցունակության բարձրացման, ազգային ինովացիոն համակարգերի ձևավորման ու արդյունավետ օգտագործման համար: Այսօրվա դրությամբ իր մասնակցությունը ծրագրին հաստատել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, ՌԴ-ն, Ուկրաինան ու Տաջիկստանը: