16 նոյեմբերի 2010 - 18:58 AMT
Իսպանական ընկերությունների խումբը հետաքրքրված է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է իսպանական «OHL» ընկերությունների խմբի ներկայացուցիչներին։

Ինչպես ասվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հյուրերը վարչապետին են ներկայացրել «OHL» ընկերությունների խմբի գործունեության հիմնական ուղղությունները և շինարարության ոլորտում կուտակած փորձը։

Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են ճանապարհաշինության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ընկերությունների խմբի մասնակցությանն առնչվող հարցեր։