22 հունիսի 2001 - 22:41 AMT
ԱԴԲԵՋԱՆՑԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԵՆ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
. «Հայաստանում Ադրբեջանի պատվիրակությանը ընդունել են ամենաբարձր մակարդակով», - լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը, որն այս օրերին գտնվում է Երեւանում, ուր այսօր իր աշխատանքն ավարտեց ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների հերթական նիստը: Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները հոգացել են այն մասին, որպեսզի ստեղծվեն աշխատանքի եւ հանգստի համար բոլոր պայմանները:
Մեկնաբանելով լրագրողների խնդրանքով Ադրբեջանում վերջերս հնչած այն հայտարարությունը, թե իբր Լեռնային Ղարաբաղը Կովկասում ահաբեկչության կենտրոն է հանդիսանում, Ուսուբովն ասաց,որ այդ գնահատականը, ամենայն հավանականությամբ, արտահայտում է անհատական կարծիք, որը չի ներկայացնում պաշտոնական տեսակետը: Հայաստանի եւ Ադրբեջանի իրավապահ մարմինների համագործակցության հեռանկարների մասին խոսելիս, Ուսուբովն ասաց, որ «հանցագործության դեմ պայքարում եւ նման հարցերում փոխադարձ աջակցությունն անհրաժեշտ է»: «Հանցագործը հանցագործ է ամեն տեղ, եւ երե Հայաստանի տարածքում հանցագործություն կատարած մեկը վաղը հայտնվի Ադրբեջանի տարածքում, նա անպայման կձերբակալվի», - հայտարարեց նախարարը: