Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների միջոցով, արդարության ու փոխադարձ հարգանքի հիման վրա: Այդ մասին ադրբեջանական Lider հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
«Տարածաշրջանի ժողովրդները պետք է ապրեն խաղաղության ու բարեկամության մթնոլորտում: Մենք հարևաններ ենք, մեր հարևանությունը մենք չենք կարող ժխտել: Դա աշխարհագրություն է ու պատմություն: Եթե մենք փորձենք լուծել մեր խնդիրները արդարացի ու համերաշխորեն, բոլոր խնդիրներն իրենց լուծումները կստանան: Հակամարտության կարգավորումը հնարավոր է բակացությունների միջոցով, արդարության ու փոխադարձ հարգանքի հիման վրա»,-ասել է նախագահը: Ահմադինեժադը գտնում է, որ հակամարտության առկայությունը տարածաշրջանում վնասում է բոլորին:
«Մենք բազմիցս ենք հայտարարել և հայտարարում ենք, որ Իրանը պատրաստ է նպաստել հակամարտության լուծմանը: Առաջին քայլերը մենք արել ենք: Եթե արդյունք չլինի, մենք այլ քայլեր կկատարենք: Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի շրջանակներում: Օտարերկրացիների միջամտությունը նման հարցերին ավելի կխորացնի հակամարտությունը: Դա է ցույց տալիս պրակտիկան: Թող բանակցություններ անցկացվեն, Աստված տա, գտնվեն նաև ելքի այլ ուղիներ»,-ասել է Ահմադինեժադը, հաղորդում է Trend գործակալությունը: