17 նոյեմբերի 2010 - 15:03 AMT
ՎՏԲ-Հայաստան բանկը հերթական քայլն է կատարում փոքր բիզնեսի վարկավորման պայմանների բարելավման ուղղությամբ

2010թ. նոյեմբերի 15-ից 2011թ. մարտի 1-ը ՎՏԲ-Հայաստան բանկը տրամադրում է վարկեր փոքր բիզնեսի համար տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, եթե վարկառուն գրանցված է կամ նրա բիզնեսի հիմնական գործունեությունը ծավալվում է ք. Երևանում, իսկ 13 տոկոս այն վարկառուների համար, որոնք գրանցված են կամ բիզնես գործունեությունը ծավալումն են ՀՀ մարզերում: Վարկերը տրամադրվում են մինչև 5 տարի ժամկետով, 4 -60 մլն ՀՀ դրամ գումարի չափով:

«Բանկը հերթական քայլն է կատարում փոքր բիզնեսի վարկավորման պայմանների բարելավման ուղղությամբ` միևնույն ժամանակ կարևորելով մարզերում բիզնեսի զարգացման խթանումը: Մեր հաճախորդների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ բիզնեսի զարգացման համար` զերծ պահելով արտարժույթային ռիսկերից, հնարավորություն տալով ունենալ երկարաժամկետ և բավական մատչելի ռեսուրսներ»,- ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

ՎՏԲ-Հայաստան բանկը իրականացնում է փոքր բիզնեսի վարկավորում Հայաստանում ամենամեծ մասնաճյուղային ցանցի միջոցով: Բանկի չափանիշներով փոքր բիզնեսի հաճախորդ են համարվում ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնց գործունեության տարեկան հասույթը չի գերազանցում 1 մլրդ ՀՀ դրամը: