Նոյեմբերի 16-ին Ներսես Երիցյանը հանդիպել է ՏՏ ոլորտի այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր նոյեմբերի 10-12 մասնակցել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած երրորդ ամենամյա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI):
Էկոնոմիկայի նախարարը շնորհավորել է միջոցառմանը մասնակցած ընկերությունների ներկայացուցիչներին մեծ հաջողության, տարած հաղթանակների կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
Հանդիպման ընթացքում ծավալված զրույցի ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ էկոնոմիկայի նախարարին են ներկայացրել իրենց գաղափարները, առաջարկությունները և մտահոգությունները:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից համակարգվող պատվիրակության մեջ ներառված էին Հայաստանի ՏՀՏ ոլորտի 13 հայկական ընկերություններ:
Մրցանակաբաշխության 14 անվանակարգերից, որոնք բաժանվում էին 2 խմբի` լուծումներ պետական և մասնավոր հատվածների համար, հայկական ընկերությունները հաղթող ճանաչվեցին 5 անվանակարգում, այդ թվում. «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» (X-TECH) «Տարվա լավագույն ինտեգրատոր» (LimeTech), «Լավագույն համալիր բիզնես-լուծում»(iDram), «Լավագույն ՏՏ նախագծի առաջարկ» (EKENG), «Լավագույն B2B լուծում» (Essential Solution):