19 նոյեմբերի 2010 - 17:51 AMT
ԱՊՀ երկրները մտադիր են համագործակցել հեռուստաբժշկության ոլորտում

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված էին երկու տասնյակից ավելի հարցեր։ Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից, կառավարությունների ղեկավարներն ընդունել են ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի նախագծի նախապատրաստման ընթացքի մասին որոշումը։ Պատրաստվող փաստաթղթի նախագիծը դեռևս պիտի ներկայացվի ԱՊՀ անդամ- պետությունների ղեկավարների հաստատմանը։ Կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են հեռախոսային հաղորդակցության ոլորտում մրցակցության մակարդակի հիմնահարցին, ինչպես նաև մինչև 2020թ. ԱՊՀ անդամ-երկրների միջև նորարարության ոլորտում միջպետական համագործակցության ծրագրերին։ Արծարծվել են ԱՊՀ մասնակից-պետությունների միջև համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծմանը և հետագայում դրանց զարգացմանն ու օգտագործմանն, ինչպես նաև մտավոր սեփականության իրավական պաշտպանությանն առնչվող հարցեր։ Կառավարությունների ղեկավարների կողմից կարևորվել է մինչև 2020թ. ԱՊՀ երկրների էներգետիկ ռեսուրսների արտադրման և օգտագործման համատեղ ծրագրերի իրականացումը։ Անդրադարձ է արվել նաև արտադրական ապրանքների անվտանգությանը և ԱՊՀ անդամ-պետությունների արձանագրած մակրոտնտեսական արդյունքներին վերաբերող հարցերի, ինչպես նաև այլ խնդիրների։

Նիստում քննարկվել են նաև 2010-2012թթ. ընթացքում հումանիտար ոլորտում իրականացվելիք ծրագրերը, ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Հայաստանը ցուցահանդեսին կներկայանա հաջորդ տարվա հունիսին։ Նիստի ընթացքում նշվել է, որ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի շրջանակներում 2008-2010թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է 32 ծրագիր։ Միայն 2010թ. Հայաստանում անցկացվել է 9 միջոցառում։ Մասնավորապես, հունիսի 26-ից հուլիսի 2-ը Երևանում կայացել են ԱՊՀ երկրների երիտասարդական դելփյան խաղերը, իսկ հոկտեմբերի 25-29-ը` ԱՊՀ և Բալթյան երկրների հրատարակիչ-թարգմանիչների 4-րդ համաժողովը։

Նիստի մասնակիցները քննարկել են նաև մինչև 2020թ. իրականացվելիք համատեղ տնտեսական զարգացման ռազմավարության մշակման և դրա շրջանակներում նախատեսված ծրագրերը, ինչպես նաև ԱՊՀ երկրների տարբեր մարմինների գործունեության 2011թ. միասնական բյուջեն։ Գործադիրի ղեկավարներն ամրագրել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ։