20 նոյեմբերի 2010 - 16:26 AMT
Անահիտ Սահակյան. Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտը գտնվում է կայացման փուլում

«Այսօր պետությունն ամեն ինչ անում է սոցիալական աշխատողի կադրեր պատրաստելու համար: Խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատակիցները պետք է կարողանան ճիշտ աշխատել երեխաների հետ»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով Եվրահանձնաժողովի փորձագետ Անահիտ Սահակյանը:

Նրա խոսքերով, Հայաստանում արդեն 10 տարի գործում է սոցիալական աշխատողի ինստիտուտը, և հիմա այն գտնվում է կայացման փուլում: «Հասարակության մեջ ծագող բոլոր սոցիալական խնդիրները պետք է լուծվեն հատուկ նախապատրաստված սոցիալական աշխատողների կողմից: Երբ մարդն առողջության հետ կապված խնդիրներ ունի, նա գնում է բժշկի, երբ նա հոգեբանական բնույթի խնդիրներ ունի, նա դիմում է հոգեբանի, բնականաբար, սոցիալական խնդիրների համար անհրաժեշտ է այդ ոլորտում մասնագետներ ունենալ»,- նշել է փորձագետը: