22 նոյեմբերի 2010 - 15:20 AMT
Հայկ Բաբուխանյան. Հայաստանի համար ղարաբաղյան կարգավորման ամենաբարդ շրջանը պատերազմն էր

Հայաստանի համար ղարաբաղյան կարգավորման ամենաբարդ շրջանը պատերազմն էր, որն արդեն անցյալում է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հայտարարությունը:

«Ղարաբաղյան հակամարտությունը դեռ երկար կշարունակի մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա հարցը: Մեր համար ամենաբարդ շրջանը պատերազմն էր: Այժմ արդիական խնդիր է մեր նվաճումների պահպանումը»,-ասել է Բաբուխանյանը՝ հավելելով, որ պատկերացում չունի, թե ինչ բարդ շրջանի մասին էր ասում Սեմնեբին:

«Այն փաստը, որ որոշակի արագացումներ են նկատվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, այդ թվում` երկու երկրների նախագահների վերջին հանդիպումները, հիմք են տալիս հուսալու, որ ղարաբաղյան գործընթացում բարդ շրջանը ետևում է մնացել»,- ասել է Սեմնեբին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում: