Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հայրենակիցներին կոչ է անում մասնակցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հանգանակությունների քարոզարշավին:
Ինչպես վկայում է Դեպարդյեի` YouTube կայքում տեղակայված տեսաուղերձը, բառացիորեն ֆրանսիացի դերասանն ասել է հետևյալը. «Սիրելի բարեկամներ, ես ձեզ կոչ եմ անում աջակցել «Հայաստան» հիմնադրամի հումանիտար ակցիաներին»: Եվ հայերեն ավելացրել. «Հայաստան» հիմնադրամ»:
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել այն մասին, որ Ժերար Դեպարդյեն հերքել է հայկական ԶԼՄ տեղեկատվությունն այն մասին, որ ինքը հանդես է եկել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի քարոզարշավի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի չճանաչված իշխանություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կոչով:
Եթե ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնի չէ, «Հայաստան» Համահայկական հիմնադրամը վերջին տարիներին իրագործել է մի շարք ծրագրեր, որոնք կենսական կարևորություն ունեն Հայաստանի և Արցախի համար: Հիմնադրամն իր գործունեությունը զարգացնում է տարբեր ոլորտներում` ճանապարհների, դպրոցների, բնակելի շենքերի, ջրատար գծերի, էլեկտրահաղորդալարերի ու ենթակայանների/ էլեկտրիֆիկացման և գազաֆիկացման համակարգի կառուցում:
Այս տարի Հիմնադրամի հեռախոսամարաթոնն ընթանում է «Ջուրը կյանքի գրավականն է» կարգախոսով: Հեռուստամարաթոնում հանգանակված միջոցներն առաջին հերթին ուղղված են ջրամատակարարման բարելավմանը Մարտունիում, Հադրութում, Ասկերանում և Բերձորում: Սպասվում է, որ այս տարի Ֆրանսիայում 10%-ով ավելի շատ միջոց կհանգանակվի, քան 2009 թվականին, երբ հավաքվեց 1.3 մլն եվրո: