23 նոյեմբերի 2010 - 17:43 AMT
ՀՀ ՊՆ Քննչական ծառայությունն առայժմ չի հրապարակում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի մեղավորի անունը

Հայաստանի Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունն առայժմ չի հրապարակում նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի առաջավոր գծում տեղի ունեցած միջադեպի մեղավորի անունը: Միջադեպի արդյունքում հրաձգային վնասվածքներից չորս ժամկետային զինծառայողներ են զոհվել: Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք ԼՂՀ ՊԲ զինվոր Մանվել Ազրոյանն է այդ միջադեպի մեղավորը, Հայաստանի Պաշտպանության նախարարության Քննչական ծառայության հասարակայնության հետ կապի ավագ սպա Մերի Սարգսյանն ասաց, որ քանի դեռ հետաքննությունը շարունակվում է, նման տեղեկատվություն չի կարող տրամադրվել: «Հնարավոր է, մենք մեղավորի անունը հաղորդենք այն բանից հետո, երբ նրան մեղադրանք ներկայացվի»,- ասաց Սարգսյանը:

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լևոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.), հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ` Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) և Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ.1991թ.):