23 նոյեմբերի 2010 - 20:37 AMT
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 11-րդ հեռախոսամարաթոնն արձանագրել է 1,3 միլիոն եվրո նվիրատվության խոստում

Նոյեմբերի 18-21-ը Ֆրանսիայում անցկացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Դրամահավաք միջոցառումը, որին այս տարի մասնակցում էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները, հանգանակեց շուրջ 1 միլիոն 300 000 եվրո: Նվիրատվությունները կուղղվեն Արցախի Տող, Հարթաշեն, Ուխտաձոր, Ակնաղբյուր եւ Սարգսաշեն գյուղերում ջրային համակարգի կառուցմանն ու վերականգնմանը: Կշարունակվեն նաեւ ներդրումները Տավուշի մարզում:

Տասնմեկ տարի շարունակ հեռախոսամարաթոնի գլխավոր գործընկերն ու հովանավորն է Ֆրանս Տելեկոմ Օրանժը. Ֆրանսիայի հինգ քաղաքներում` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիս (Նիցցա) եւ Մոնպելյե, տեղակայված Օրանժի կենտրոնների տարածքը, սարքավորումներն ու հեռախոսակապն անհատույց տրամադրվում է մարաթոնի կարիքներին: