24 նոյեմբերի 2010 - 14:41 AMT
Բակո Սահակյանն ու Լոս Անջելեսի քաղաքապետը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսի քաղաքապետի “Գեթի Հաուս” նստավայրում հանդիպում է ունեցել քաքաքապետ Անտոնիո Վիլարայգոսայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել զարգացնելու փոխգործակցությունը` ընդգծելով դրա կարեւորությունը ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից:

Հանդիպումից հետո Արցախի Հանրապետության նախագահի պատվին քաքաքապետ Վիլարայգոսայի կողմից տրվել է պաշտոնական ճաշկերույթ:

Միջոցառումներին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին, խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, "Լինսի" հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: