24 նոյեմբերի 2010 - 21:32 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը 274 մլն. դրամ արժողությամբ սարքավորումներ է հատկացրել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին

Երևանում և մարզերում ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ ներդրումների շնորհիվ համալրվում է նորածինների խնամքի համար տեղադրված բուժսարքավորումների բազան: Այժմ նեոնատոլոգներն իրենց տրամադրության տակ ունեն գլխուղեղի գերձայնային հետազոտություն ապահովող սարք, որը չունի տեղափոխման խնդիր, կարելի է տեղադրել ավտոմեքենայում և նորածինների կյանքի համար մղվող պայքարը դարձնել առավել արդյունավետ, այդ մասին հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, մեքենայի աշխատանքը համակարգելու է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկական բաժնի վարիչ Պավել Մազմանյանը: Նախատեսվում է Երևանում և մարզերում ախտորոշում իրականացնել գլխուղեղի խնդիր ունեցող այն երեխաների համար, որոնց հիվանդության պատճառով անհնար է տեղաշարժել կամ տեղափոխել այլ հիվանդանոց:

Նեյրոսոնոգրաֆիայի ժամանակակից սարքավորումը նախատեսված է հիվանդ և անհաս նորածինների մոտ գլխուղեղի ախտահարումների վաղ հայտնաբերման և համարժեք բուժում նշանակելու համար: Այն կիրառվելու է թոքերի արհեստական շնչառության ապարատին միացված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող և պաթոլոգիական նևրոլոգիական ախտանիշով նորածինների համար, կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատների կասկածի և այլ դեպքերում:

«Մենք պետք է ավելի զգոն լինենք յուրաքանչյուր հայ նորածնի կյանքի համար պայքարելու գործում: Եթե ցանկանում ենք առողջ ապրել` պետք է մտածենք երեխաների կյանքի մասին: Սա իմ կոչն է հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիցներին. մեր գոյությունը որևէ արժեք չունի, եթե անզոր ենք հոգալ ապագա սերունդների մասին»,- նշում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` ավելացնելով, որ այս նախագիծը կնպաստի նորածինների մահացության ցուցանիշի նվազեցմանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն երեք տարի աջակցում է BirthLink ՀԿ-ին` նորածինների մահացության ցուցանիշը Հայաստանում կրճատելու ուղղությամբ: Այս ընթացքում ընդհանուր առմամբ 274 մլն. դրամ արժողությամբ սարքավորումներ են հատկացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին: