25 նոյեմբերի 2010 - 16:06 AMT
Սերժ Սարգսյանը Թուրքմենստանում հանդիպել է Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Միջպետական հարաբերություններում երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցությունը: Նկատի առնելով, որ ՀՀ ԱԺ-ում արդեն իսկ ձևավորվել է Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խումբ, Հայաստանի նախագահը և Թուրքմենստանի Մեջլիսի նախագահն ընդգծել են Թուրքմենստանի Մեջլիսում ևս համանման խմբի ստեղծման կարևորությունը:

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ուղեկցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թուրքմենստանի ձիասպորտային համալիր ևս, որտեղ նախագահներին ցուցադրել են համալիրի հպարտությունը համարվող ախալտեկինյան ցեղատեսակի ձիերը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Թուրքմենստան` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան: