25 նոյեմբերի 2010 - 16:21 AMT
Իրաքի ու Հայաստանի նախագահները հյուր են հրավիրել միմյանց

Նոյեմբերի 23-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մուրադ Մուրադյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահ Ջալալ Տալաբանիին: Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց:

Նախագահ Տալաբանին, գոհունակություն հայտնելով Իրաքում Հայաստանի դեսպանության վերաբացման կապակցությամբ, ընդգծել է Հայաստանում Իրաքի դեսպանության բացման կարեւորությունը` հատկապես հաշվի առնելով, որ այժմ Հայաստանում բնակվում են բազմաթիվ Իրաքի քաղաքացիներ (իրաքահայեր):

Դեսպանը, շնորհավորելով նախագահ Տալաբանիին վերընտրվելու կապակցությամբ, փոխանցել է ՀՀ նախագահի բարեմաղթանքներն ու հրավերը այցելել Հայաստան: Դեսպանն ընդգծել է Հայաստանի եւ Իրաքի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ հայերի դարավոր ներկայությունը Իրաքում, նրանց ներդրումը երկրի զարգացման գործում, համատեղ ապրելու փորձը, փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում այսօր առավել սերտացնելու հայ-իրաքյան բարեկամությունը եւ համագործակցությունը առեւտրատնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, զրույցի ավարտին նախագահ Տալաբանին շնորհավորել է Հայաստանի դեսպանին նոր պաշտոնին անցնելու կապակցությամբ, հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում եւ իր հերթին հրավիրել ՀՀ նախագահին այցելել Իրաք: